Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայաստանի ԱԺ փոխնախագահը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի խոսնակի հետ

Հայաստանի ԱԺ փոխնախագահը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի խոսնակի հետ
19.05.2015 | 11:15

Պաշտոնական այցով Աթենքում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 18-ին Հունաստանի Հանրապետության խորհրդարանում առանձնազրույց է ունեցել խորհրդարանի խոսնակ Զոյի Կոնստանտոպուլուի հետ: Երկուստեք արձանագրվել է, որ երկու երկրների հարաբերությունները կայուն առաջընթաց են ապրում, կարևորվել է միջխորհրդարանական կապերի զարգացումը, պատգամավորական բարեկամության խմբերի ակտիվ գործունեությունը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ միջխորհրդարանական կապերը միջպետական հարաբերությունների կարևոր բաղադրիչ են, և խորհրդարանների միջև շփումների ակտիվացումը երկկողմ և բազմակողմ ձևաչափով նպաստում է փոխըմբռնման և փոխվստահության ամրապնդմանը: Նա կարևորել է խորհրդարանական վեհաժողովներում միմյանց սատարելու անհրաժեշտությունը:
Առանձնազրույցից հետո ԱԺ փոխնախագահը և Հունաստանի խորհրդարանի խոսնակը հանդես են եկել մամլո ասուլիսով: ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել Հունաստանի խորհրդարանի խոսնակին ապրիլի 22-23-ը Երևանում անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին մասնակցելու և ելույթով հանդես գալու համար: Նա Զոյի Կոնստանտոպուլուին տեղեկացրել է, որ ԱԺ-ն առաջիկայում կստեղծի «Խորհրդարաններն ընդդեմ ցեղասպանությունների» հանձնախումբ: ԱԺ փոխնախագահը Հունաստանի խորհրդարանի խոսնակին առաջարկել է նման հանձնախումբ ձևավորել նաև Հունաստանի խորհրդարանում` նշելով, որ Հայաստանի Աժ-ն առաջիկայում նման կոչով դիմելու է այլ երկրների խորհրդարանների ևս: Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ հարկավոր է պայքարել հանուն ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովուրդների դարավոր բարեկամության, ընդդեմ պատերազմի, բարբարոսության և ցեղասպանության: Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին՝ Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատել հիմնախնդրի շուրջ Հունաստանի հավասարակշռված դիրքորոշումը: Նա ընդգծել է, որ Հայաստանը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է: ԱԺ փոխնախագահն անթույլատրելի և դատապարտելի է համարել հակամարտության ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ՝ նշելով, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացմանն այլընտրանք չկա: Հունաստանի խորհրդարանի խոսնակը վերահաստատել է, որ Հունաստանը կողմ է ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը: Զոյի Կոնստանտոպուլուն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի խորհրդարանին և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին մարտի 24-ին Հայաստանի ԱԺ-ում միաձայն ընդունված Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարության կապակցությամբ: Նա ընդգծել է, որ Հունաստանի խորհրդարանը ցեղասպանությունների միջազգային ճանաչման և դատապարտման պայքարում Հայաստանի կողքին է:

Դիտվել է՝ 740

Մեկնաբանություններ